ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Ռոբերտ Մարտիրոսյանն անսովոր եղանակով Պետերբուգից ճանապարհորդում է Լիսաբոն։ Նա չի օգտվում գնացքից, մեքենայից և անգամ հեծանիվից։ Ռոբերտը որոշել է 4 հազար կիլոմետրը հաղթահարել անվաչմուշկներով։
Այն ամենը, ինչ նա վերցրել է ուղևորության համար, տեղավորվել է ուսապարկում. քնապարկ, փոխելու հագուստ և դեղեր։ Ճանապարհին նա գնում է ուտելիք և ջուր։
Ճանապարհը շատ ժամանակ և ուժ է խլում, ուստի նա խոստանում է ճանապարհորդության մասին գրառումներ հրապարակել ավելի ուշ։ Մինչ այդ, սակայն, Ռոբերտն արդեն մի քանի լուսանկար է հրապարակել Instagram–ում։
Նա այս տարվա հունիսի 11–ին դուրս է եկել Պետերբուրգից, իսկ հուլիսի 22–ին հասել է Ֆրանսիայի հարավ–արևելքում գտնվող Կագոր քաղաք։ Մինչև հուլիսի 26–ը ծրագրում է լինել Պիրենեյան թերակղզու մյուս կողմում և հասնել Բարսելոնա։ Այստեղ ճանապարհորդն ուզում է կարգին զբոսնել։ Վերջնակետը Լիսաբոն քաղաքն է, ուր Ռոբերտը մտադիր է հասնել 90 օրում։
Ճանապարհին նա հիանում է եվրոպական քաղաքներով, միաժամանակ նկատում տեղի բնակիչների հյուրընկալությունը: Նրանց մեջ, ի դեպ, հաճախ է հանդիպում հայրենակիցների։
«Հայաստանին նայեք». աֆրոամերիկուհին հայերի մեջ տեսել է այն, ինչը չի երևում Երևանից
Կագորում Ռոբերտին նկատել է մի ամուսնական զույգ, որը կանգառում սպասելիս է եղել ավտոբուսի։ Ամուսինը սրտաբաց ֆրանսիացի է եղել, կինը` նույնքան սրտաբաց հայուհի։ Լեզվական արգելք չի առաջացել. այդ տանը խոսելիս են եղել թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն, հաղորդում է ֆրանսիական La Depeche պարբերականը։
«Շատ անսովոր զուգադիպություն։ Զարմանալի է, թե ինչպես մենք հանդիպեցինք առանց միմյանց ճանաչելու»,–ասում է Ռոբերտը։
Մարտիրոսյանն ապրում է Պետերբուրգում, իսկ անվաչմուշկ սկսել է քշել 5 տարեկանից՝ հոր հսկողության տակ։ Երբ մեծացել է, որոշել է իրագործել իր երազանքը, և եվրոպական անվաչմուշկային ճամփորդություն կազմակերպել։
«Հանուն ճանապարհորդության դուրս եմ եկել համալսարանից և աշխատանքից»,- Instagram–ի իր էջում գրել է Ռոբերտը։
Առաջին օրը, անցնելով 70 կմ, Մարտիրոսյանը վնասվածք է ստացել, բայց շարունակել է ճանապարհը։ Նա օրական անցնում է մոտ 100 կմ։