ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. 2019թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հրդեհների և կանչերի թիվը կրկնակի ավելացել է։
«Հրդեհների աննախադեպ ավելացում է եղել, ինչի հետևանքով առաջացել է վառելիքի գերածախս, որը բերել է փրկարար ծառայության 3-րդ և 4-րդ եռամսյակների համար նախատեսված վառելիքի օգտագործման»,– ասաց Ցոլակյանը։
ԱԻ նախարարը նշեց, որ հաճախ փրկարարներն ստիպված են եղել սպասարկել ոչ միայն իրենց ամրակցված, այլև հարակից տարածքները, ինչը նույնպես հավելյալ ծախսերի է հանգեցրել։ Բացի այդ, 2018 թ.–ի համեմատ փրկարարներն այս տարի ավելի շատ հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ են շահագործել` ի հաշիվ Ճապոնիայի կառավարության տրամադրած 28 և ռուս–հայկական ազդարարման կենտրոնի հատկացրած 26 միավոր տեխնիկայի։
Այսպիսով, Ցոլակյանի խոսքով, հրդեհների դեպքերին այսուհետ ևս արագ արձագանքելու համար ԱԻՆ–ին անհրաժեշտ է լրացուցիչ 42 մլն դրամի վառելիք։
Վառելիքից բացի փրկարարներին նաև համազգեստը չի բավարարում։ Նախարարի խոսքով, 3 մարտական հերթափոխերից միայն մեկն է ապահովված համազգեստով։
«Դա անձնական գույք է , բայց մարդիկ ստիպված են լինում նույն համազգեստը հագնել հերթափոխի ժամանակ»,– ասաց Ցոլակյանը։
Որպեսզի գոնե երկու հերթափոխ համազգեստ ունենա, նախարարի հաշվարկով՝ անհրաժեշտ է լրացուցիչ 95 մլն դրամ։
Փրկարարական այլ միջոցների` կենդանիներին քնեցնող հեղուկների, նկարահանման սարքերի, սաղավարտների, սղոցների ձեռքբերման համար անհրաժեշտ է ևս 40 մլն դրամ։
Լրացուցիչ գումարներ են անհրաժեշտ նաև Սևանում փրկարարական հենակետերի ու արգելանշանների տեղադրման համար։
Այս ամենի համար Ֆելիքս Ցոլակյանը կառավարությանն առաջարկեց լրացուցիչ 260 մլն դրամ գումար հատկացնել նախարարությանը։
Կառավարությունը որոշեց բավարարել նախարարի առաջարկն ու բյուջեի լրացուցիչ միջոցներից տրամադրել համապատասխան գումարը։
Խոշոր հրդեհ Երևանում, տանիքներ են այրվել, բնակիչներից մեկը ծխահարվել է