ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Քրեական հեղինակություն Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանությունը պատվիրված էր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` հավելելով, որ այդ հանցագործության հետևում կա և՛ պատվիրատու, և՛ կատարող:
Օպերատիվ քննչական գործողությունների կատարման ընթացքից ելնելով` ոստիկանապետը չցանկացավ այս պահին այլ մանրամասներ բացահայտել։
«Ինչ վերաբերում է Մասիվցի Անդիկի սպանությանը, այս գործի վերաբերյալ շուտով հանրությանը մանրամասներ կներկայացնենք», - խոստացավ Օսիպյանը։
Անդրադառնալով քրեական հեղինակությունների թեմային ընդհանրապես՝ Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին, բայց այդ երևույթի դեմ անզոր է։
«Հնարավոր չէ, որ մեր առօրյայից նրանք վերանան», - ասաց ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Ոստիկանության փորձաքրեագետների և քննչական կոմիտեի ծառայողների կողմից դեպքի վայրը մանրակրկիտ զննվել է։ Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր։