ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Խաբարովսկի մոտակայքում վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով մահացած երեխաների թիվն ավելացել է` դառնալով 4։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով Խաբարովսկի երկրամասի ղեկավարությանը։
Նշվում է, որ վրանային ճամբարի տնօրեն Մաքսիմ Կուզնեցովը ձերբակալվել է։
Հուլիսի 23–ի գիշերը Խաբարովսկի երկրամասի «Խոլդոմի» լեռնադահուկային համալիրի տարածքում տեղակայված վրանային ճամբարից հրդեհի մասին ահազանգ է ստացվել։ ԱԻՆ–ի հրշեջ խմբերի ժամանելուց մեկուկես ժամ հետո է հաջողվել մարել կրակը։ 26 վրանից 20–ն այրվել են։ Ճամբարում 189 երեխա է եղել։
Ավելի վաղ հայտնում էին, որ 2008 թվականին ծնված մեկ երեխա է մահացել։ Նշվում էր, որ ևս երեքը (2004-2006 թվականներին ծնված) վերակենդանացման բաժանմունքում են, նրանց արհեստական շնչառության սարքեր են միացված։ Եվս մեկ աղջիկ շոկային վիճակում էր, բայց հետո նրա վիճակը կարգավորվել էր։
Հրդեհի հետևանքով նաև 5 մեծահասակ է տուժել, բոլորն ամբուլատոր բուժօգնություն են ստացել։
«360» հեռուստաալիքը, հղում անելով երկրամասի իշխանությանը, հայտնում է, որ վրանային ճամբարում 7–ից 15 տարեկան երեխաներն էին հանգստանում։ Կրակի ճարակ դարձած վրաններում 189 երեխա է եղել, իսկ կորպուսներում` 61։
Սոլնեչնի շրջանի ղեկավար Վիկտոր Ստարվոկը նշել է, որ ճամբարի տնօրեն Մաքսի Կուզնեցովի տվյալներով` «Խոլդոմիում» 250 երեխա է եղել։
Սակայն Ստարկովն հավելել է, որ «Խոլդոմի» ճամբարը նախատեսված է ոչ թե 450, այլ 226 մարդու համար։
Գազի արտահոսք և հրդեհ երևանյան ռեստորանում
Մարզի կրթության նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Կորոլն էլ հայտնել է, որ ճամբարի երրորդ հերթի համար 428 ուղեգիր է վաճառվել։
Ուղևորությունները վաճառող կազմակերպությունը խոստացել է, որ երեխաները ապրելու են բարեկեցիկ կորպուսներում։ Վրանային ճամբարի մասին տեղեկություն չի տրվել։ Արդյունքում երկու անգամ ավելի շատ ուղեգիր է վաճառվել, քան իրականում կարող էին հյուրընկալել կորպուսները։
Քննչական կոմիտեն հրդեհի փաստով քրեական գործ է հարուցել «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։