ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Երևանի «Արարատ-Արմենիան» այսօր` հուլիսի 23-ին, Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպս» թիմին։
Այն, որ «Արարատ-Արմենիայից» Ջիբրալթարի բազմակի չեմպիոնի հետ խաղում միայն հաղթանակ էր ակնկալվում, հասկանալի է: Բայց մենք արդեն դառը փորձ ունեինք Ջիբրալթարի հետ կապված(Ազգերի լիգայի մրցաշարում 2018 թվականի հոկտեմբերին Երևանում Հայաստանի հավաքականը պարտվեց Ջիբրալթարի ընտրանուն 0:1 հաշվով): Հետաքրքիր է, որ Ջիբրալթարի հավաքականի համար պատմական այդ խաղում հաղթական գնդակը խփել էր «Լինքոլն Ռեդ Իմպսի» հարձակվող Ջոզեֆ Չիպոլինան:
Խաղի մեկնարկը ցույց տվեց, որ մրցակիցը պատրաստ է պայքարելուն ու «Արարատ-Արմենիան» առաջին 20 րոպեների ընթացքում չէր կարողանում գոլային ռեալ պահ ստեղծել, որովհետև հյուրերը մեծ ուժերով պաշտպանվում էին, ու բավականին արագ էլ կարողանում էին անցնել հակագրոհի: Բայց հայկական թիմը մրցակցին հակագրոհի դասական օրինակ ցույց տվեց:
Պետրոս Ավետիսյանը, խլելով գնդակը մրցակցից, լավ փոխանցումով այն ուղարկեց Ֆուրդել Նարսինգի կողմ, իսկ վերջինս հիանալի կողմնորոշվելով` արդյունավետ հարվածի դուրս բերեց Անտոն Կոբյալկոյին՝ 1:0: Իսկ առաջին կեսի վերջին վայրկյաններին Կասե Կոջոն կրկնապատկեց հայկական թիմի առավելությունը:
Բնականաբար, երկու գնդակի առավելությամբ հանգստի գնալը «Արարատ-Արմենիայի» համար նաև հոգեբանական առավելություն էր: Եվ առավելությունը երկրորդ կեսի սկզբում դարձավ նաև թվային՝ Մարկոս Պերեսը կոպիտ խաղի համար հեռացվեց խաղադաշտից:
Պատանի ֆուտբոլիստների ամենաաստղային հնգյակը. ովքե՞ր են այս օրերին Հայաստանում
«Արարատ-Արմենիայի» խաղային առավելությունն արդեն շոշափելի դարձավ: Գոլային պահերը հյուրերի դարպասի մոտ առաջանում էին, բայց մեր թիմին չէր հաջողվում գրավել մրցակցի դարպասը երկրորդ կեսում:
Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 30-ին Ջիբրալթարում: Իսկ հուլիսի 25-ին հայկական մյուս երկու ակումբները՝ «Աշակերտն» ու «Փյունիկը» հյուրընկալելու են համապատասխանաբար ռումինական «Ստյաուային» և չեխական «Յաբլոնեցին»:
«Արարատ-Արմենիան» ձախողվեց Շվեդիայում և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից