ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մասնակցել է աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը։
Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը։ Տոնական օրը մեկնարկել է Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել Ջիվանու արձանի առջև և շրջայց կատարել աշուղ Ջիվանու տուն-թանգարանում»,–ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է նաև, որ կազմակերպված համերգային միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը և այլք։
Դեսպան Սադոյանը Ջիվանու տուն-թանգարանին նվիրել է աշուղի նկարը, որի հեղինակը վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցն է։
Հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ Աշուղ Ջիվանին (Սերոբ Ստեփանի Լևոնյան) ծնվել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզում։Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Ունեցել է բազմաթիվ շրջագայություններ իր խմբով, հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում։Մասնակցել է նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Ենթարկվել է հետապնդումների, երբեմն արգելվել են նրա ելույթները, բռնագրավել են նվագարանը։Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր: