ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ Արմեն Սարգսյանը Ստեփանավանում հարգանքի տուրք է մատուցել մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հիշատակին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Սարգսյանին Ստեփանավանում դիմավորել են աղուհացով, փողային նվագախմբի կատարումներով, երգուպարով։
Նախագահ Սարգսյանը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ստեփանավանցիների հետ։ Քաղաքի` Սոս Սարգսյանի անունը կրող փողոցի հարակից այգում Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել հայ կինոյի և թատրոնի մեծ երախտավորի հիշատակին:
Բազմաթիվ փայլուն դերեր մարմնավորած մշակութային ու հասարակական անվանի գործչի հայրենի քաղաքում հուշարձանը տեղադրվել է 2014 թվականին, հեղինակը ճարտարապետ Դավիթ Մինասյանն է: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ բախտ է ունեցել Սոս Սարգսյանին անձամբ ճանաչել։
«Իմ հարգանքի տուրքը մարդուն էր, որը ոչ միայն մեծ արվեստագետ էր, դերասան, այլև մեծ քաղաքացի, ով մշտապես մտածում էր իր երկրի, նրա ապագայի մասին»,-ասել է նախագահը։
Սոս Սարգսյանը ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է, Համազգային պետական թատրոնի հիմնադիրը։