ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. «Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպից հետո օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավն ընդհատել է թռիչքը, որովհետև օդաչուների խցիկում միացել է ծխի ազդանշանը։ Ազդանշանն աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Ուղևորներին սկսել են տարհանել։ Հրմշտոց է սկսվել, որի ժամանակ 8–ը տուժել են։
Օդանավում եղել են 173 ուղևոր և օդանավի անձնակազմի 6 անդամ։
Մոսկվայի ժամանակով ժամը 05։34–ին «Նորդվինդ» պահեստային ինքնաթիռն ընդհատված չվերթի ուղևորներին տեղափոխել է Երևան։
Դեսպանությունը հայտնում է, որ 19 ուղևոր հրաժարվել են թռիչքից։
Sputnik Արմենիային դեսպանությունից հայտնեցին, որ մի շարք այլ ուղևորների բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում։ Այս պահին ճշտում են տուժածների քաղաքացիությունը։