ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների մահացած անձանց իրավահաջորդները կստանան 30.000.000 դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձինք՝ 15.000.000 , առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները` 5.000.000 դրամ փոխհատուցում։
Որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։ Որոշման անհրաժեշտությունը բխում է սույն թվականի հունիսի 20-ին ուժի մեջ մտած «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքից։
Դրանով, հիշեցնենք, նախատեսվում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրումը:
Այս օրենքով կառավարությունը լիազորվել է սահմանել տուժածների աջակցության տրամադրման ձևը, չափը, տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը:
Հիշեցնենք` 2008թ.–ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանի կենտրոնում զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ տեղի ունեցան, որոնց հետևանքով զոհվեց 10 մարդ (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ), վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ։ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմեց ՄԻՊ Արման Թաթոյանին. ո՞րն է խնդիրը
Այդ իրադարձություններին նախորդեցին փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնց պաշտոնական արդյունքներից դժգոհ ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիաներ սկսեցին։
Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Տեր-Պետրոսյանը: