ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին` ծննդյան հոբելյանի առթիվ մաղթելով առողջություն և հաջողություն հետագա գործունեության մեջ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Մեծ է Ձեր դերակատարությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ձեր կառավարման օրոք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավելի ամրապնդեց իր տեղն ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ողջ աշխարհում: Անհնար է անտեսել Ձեր նվիրվածությունը գիտությանը, կրթությանը, նոր տեխնոլոգիաներին, որի վառ ապացույցն են այն բազմաթիվ գնահատականները, որոնց Դուք արժանացել եք աշխարհի առաջատար համալսարանների կողմից»,– նշել է ՀՀ նախագահը։
Սարգսյանն անհերքելի է որակել նաև Մերկելի ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հետագայում ևս հնարավորություն կունենա հանդիպելու Մերկելի հետ և քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շարունակելով նպաստել մեր երկրների գիտության, նոր տեխնոլոգիաների և մեզ հոգեհարազատ քվանտային ֆիզիկայի զարգացմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շնորհավորել է Գերմանիայի կանցլերին. նա ևս մատնանշել է Մերկելի կառավարման տարիներին Գերմանիայի հետևողական առաջընթացն ու հզորացումը։
«Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Բեռլինում, որոնք նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի և Գերմանիայի բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական դինամիկ գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»,– գրել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք է մաղթել Անգելա Մերկելին ու նրա ընտանիքին։
Նշենք, որ Գերմանիայի կանցլերը ծնվել է 1954թ–ի հուլիսի 17–ին։ Այսօր նրա ծննդյան 65–րդ տարեդարձն է։
Անգելա Մերկելը վատացել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ. տեսանյութ