ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթի հաղթող Դայանա Դավթյանը դեռ մանկուց երազել է գեղեցկության մրցույթների մասնակցել, սակայն երբեք չի պատկերացնել, որ կարող է նման հաջողության հասնել: Sputnik Արմենիայի եթերում աղջիկը խոսել է իր մանկության երազանքի, նախասիրությունների ու նպատակների մասին։
«Երբ հայտարարվեց, որ կայանալու է «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթը, որոշեցի ուժերս փորձել»,-ասում է գեղեցկուհին և հավելում, որ ընտանիքի անդամները դեմ են եղել, որպեսզի նա մասնակցի որևէ գեղեցկության մրցույթի:
«Դուք չեք կարող պատկերացնել, թե ես ինչ փորձությունների միջով անցա, մինչև մասնակցեցի: Իմ հայրը կտրականապես դեմ էր, որ ես որևէ գեղեցկության մրցույթի մասնակցեմ: Նա գտնում էր, որ դա ինձ պետք չէ, և ավելի լավ է ես կենտրոնանամ իմ մասնագիտության վրա: Քանի որ հայրս դեմ էր, դա անդրադառնում էր նաև մայրիկիս որոշման վրա»,- պատմում է Դայանան։
Բայց մրցույթից հաշված օրեր առաջ նրան հաջողվել է համոզել մայրիկին, վերջինս էլ հայրիկին է համոզել:
Մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ Դայանա Դավթյանը շատ նախասիրություններ ունի, դրանց թվում է սպորտով զբաղվելը։ «Թեպետ իմ մասնագիտությանը ևս համարում եմ նախասիրություն, քանի որ այն մի բազմաճյուղ է: Զբաղվում եմ նկարազարդումներով և մարդկանց մուլտիպլիկացիոն կերպարներ եմ ստանում», -պատմում է Դայանան, հավելելով, որ այժմ ժամանակը չի ներում իր սիրած գործով զբաղվելու համար:
Խոսելով իր բնավորությունից` Դայանան խոստովանում է, որ չնչին բանից կրող է նեղսրտել ու նեղանալ:
«Ես ինքնավստահ մարդ եմ, բայց չնչին բանից կարող եմ նեղվել և ինքնավստահությունս իսկույն կկորի: Այս մրցույթն ինձ շատ մեծ ինքնավստահություն տվեց, որովհետև հաղթանակից հետո հասկացա, որ ժյուրիի անդամներին դուր եմ եկել»,-նշում է գեղեցկուհին:
Երբ բեմից հայտարարել են իր անունը որպես հաղթողի, Դայանան շատ է հուզվել, դա ավելին էր, քան հուզմունքը, այսօր բառեր չի գտնում իր զգացողությունները նկարագրելու համար: «Մի կողմից սպասում էի հաղթանակին, մյուս կողմից չէի կարողանում հավատալ, որ դա ինձ մոտ հաջողվեց: Այդքան հայացքներ, այդքան շնորհավորանքներ ուղղված ինձ. այդ պահի իմ երջանկությունն աննկարագրելի է»,- ասում է Դայանան:
Հարցին, թե ի՞նչ պետք է իր կյանքում անի յուրաքանչյուր կին, նա վստահորեն պատասխանեց . «Կնոջ առաքելությունը մայր լինելն է»։
Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհում». լուսանկարներ
Հիշեցնենք, որ հուլիսի 10–ին Գյումրիում կայացած «Միսս տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթին հաղթանակ տարավ Դայանը Դավթյանը։ Նա դեկտեմբերին Հայաստանը կներկայացնի հեղինակավոր «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին: