ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Անբարեխիղճ վարորդների տուգանային միավորների մասին օրինագիծ կընդունվի այս աշնանը։ Այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ այս մասին ասաց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նա նշեց, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են նաև քաղաքացիական ակտիվիստները։
Վարչապետն առաջարկել է չավելացնել արագաչափերի և տեսախցիկների թիվը։ Փոխարենը վարորդներին ավելի խիստ են պատժելու։
Վարորդն ամեն տարի կունենա ընդամենը 9 բալ։ Փոքր խախտումների համար (մինչև հինգ հազար դրամ տուգանք) հանելու են մեկ միավոր։ Ոչ սթափ վիճակում վարելու և արագությունն ավելի քան 50 կմ/ժ–ով գերազանցելու համար հանելու են չորս բալ։ Վարորդը, որը մեկ տարում կսպառի բոլոր ինը միավորները, կզրկվի վարորդական իրավունքից։
Նախապատրաստվել է նաև այլ օրինագիծ։ Ինչ–որ դեպքերում քաղաքացիներին թույլ կտան մասնակցել ճանապարհային պատահարների կարգավորմանը, եթե մոտակայքում ոստիկաններ չլինեն։
Ճանապարհային ոստիկանությունն ու պարեկապահակային ծառայությունն էլ կմիավորվեն ոստիկանության կառույցում։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով` դա կօգնի ավելացնել քաղաքում պարեկային մեքենաների թիվը։
«Առաջին իսկ աշնանային նստաշրջանում մենք այդ նախագծերը կընդունենք թեկուզ առաջին ընթերցմամբ։ Իսկ կառավարությունն առաջարկել է մեզ անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստ գումարել», – նշեց Գաբրիելյանը։
Նշենք, որ կառավարությունում սկսեցին ճանապարհային անվտանգության հարցերը քննարկել Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո, որի հետևանքով մի քանի մարդ էր մահացել։
Կարգազանց վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից. Փաշինյանը խոսեց վերջին վթարներից
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը մտադիր է խստացնել վարորդական իրավունքի վկայական ստանալու կանոնները` ճանապարհներին անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Հարցաշարի հարցերն ավելի են շատանալու. 600 հարցի փոխարեն մոտ 1000 հարց է լինելու: Բացառվելու են նաև գումարով վարորդական իրավունք գնելու դեպքերը։