ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով`օրեր առաջ Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել Վահան Փափազյանի (նախկին ԱԳ նախարար) որդու` Դավիթ Փափազյանի հարսանյաց հանդեսը: Նա «Հայաստանի պետական հետաքրքրությունների» ֆոնդի տնօրենն է, որը Սանկտ Պետերբուրգում ներկա էր գտնվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը` առաջացնելով ռուսների զարմանքը:
«Հարսանիքի քավորը եղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հատուկ քավորություն անելու համա՞ր էր Արմեն Սարգսյանը մեկնել Վենետիկ։ «Սարգսյանների և Փափազյանների ընտանիքներն ունեն երկար տարիների բարեկամություն՝ Դավիթ Փափազյանի մեծ հայրն ու մայրը նախագահ Արմեն Սարգսյանի ծնողների ընկերներն են և միասին` 1946թ. հայրենադարձվել են Հայաստան: Դավիթ Փափազյանի և Ջուլիայի պսակադրությունը, այո, տեղի է ունեցել Սուրբ Ղազար կղզում»,- թերթի հարցին ի պատասխան՝ ասել են նախագահականից:
Տեղեկացնում են նաև, որ նույն օրը նախագահը Սբ Ղազարում հանդիպել է Մխիթարյան միաբանության հայրերի հետ:
Հիշեցնենք, որ Վենետիկի Սուրբ Ղազար կաթոլիկ եկեղեցում է կայացել նաև Հայաստանի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Քենդիի» սեփականատեր Միքայել Վարդանյանի դստեր` Բեթիի հարսանյաց հանդեսը։