ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՌԴ Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում խոշոր հրդեհը հաջողվել է մարել: Հրդեհի հետևանքով 7-8 մարդ է տուժել:
ՌԻԱ Նովոստիի տվյալներով` կրակի սյունը հասնում էր 50 մետրի: Հրդեհի տարածքը 200 քառակուսի մետր է գնահատվում, իրավիճակը հսկողության տակ էր վերցրել Մերձմոսկովյան շրջանի ղեկավար Անդրեյ Վորոբյովը:
Հրդեհաշիջման աշխատանքներին հրշեջ ծառայության 2 ուղղաթիռ և երկու գնացք է ներգրավվել: Էներգետիկ ծառայության աղբյուրի խոսքով՝ հրդեհի ժամանակ վթարային կերպով անջատվել է էներգաբլոկներից մեկը:
Հրդեհի պատճառով դադարեցվել է Օստաշկովսկոյե մայրուղու երթևեկությունը:
Նախնական վարկածով՝ բռնկվել է նավթով լի ցիստեռնը:
Հաղորդվում է, որ սարքավորումները չեն տուժել: Բնակչությանն էներգիայով ապահովելու նպատակով «ՄոսԷներգո» ընկերությունը պահեստային հավելյալ էլեկտրածին սարքեր է գործի դրել և մեծացրել արդեն աշխատող կայանների հզորությունը: