ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ամերիկահայ ինժեներները որոշել են Հայաստանում բժշկական սարքավորումներ արտադրել։ Onex ընկերության ներկայացուցիչ Ներսես Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իրենց ձեռնարկությունը մտադիր է մասնաճյուղ բացել Հայաստանում։ Արտադրելու են ճկուն բժշկական ձողախողովակներ (կաթետեր) և, հնարավոր է, դրանց արտադրության համար նախատեսված հաստոցներ։
«Մեր ընկերությունն աշխատում է Կալիֆոռնիայում և հաստոցներ է արտադրում։ Հայաստանում մենք կուզեինք հիվանդանոցների համար կաթետերներ արտադրել, իսկ եթե սպառման շուկա գտնենք, ուզում ենք նաև կաթետեր արտադրող հաստոցները հավաքել։ Հնարավոր է` մենք դրանք հարևան երկրներ արտահանենք», – ասաց նա։
Ներսեսը ծնվել է Երևանից արտագաղթածների ընտանիքում և մեծացել Լոս Անջելեսում։ Հայաստանում երբեք չի ապրել, բայց հայերեն գիտի և բավականին լավ է խոսում. հայկական դպրոց է հաճախել։ Դպրոցից հետո էլ չի տանջվել զրուցակիցներ գտնելու հարցում. նրանց թիվը քիչ չէ Լոս Անջելեսում։
Ասֆալտը քանդելու կարիք չկա. ռուսաստանցի ինժեներներն ուզում են իրենց փորձը փոխանցել Երևանին
Ներսեսը տնտեսագետ է, ընկերությունում աշխատում է որպես վաճառքի և հաճախորդների հետ աշխատանքի պատասխանատու։ Ինժեներական գիտելիքներն ինքնուրույն է ձեռք բերել` գործընկերների հետ զրույցներում, արտադրության մեջ։
Նա ձեռնարկության տնօրենին չի համոզել, որ Հայաստանում մասնաճյուղ բացեն. տնօրենն ինքն է առաջարկել։
«Մեր գրեթե բոլոր աշխատակիցները հայեր են։ Ընկերությունը մեծ չէ, և եթե մեկն ինչ–որ բան է որոշում անել, բոլորն անմիջապես իմանում են», – ժպտում է Ներսեսը։
Մասնաճյուղը մտադիր են համալրել տեղացի մասնագետներով։ Ներսեսը կարծում է, որ Հայաստանում լավ ինժեներներ շատ կան։
Հաստոցի մոդելը, որն արտադրում է ամերիկյան ընկերությունը, պատենտավորված է։ Աշխատանքի սկզբունքը հետևյալն է. խտացրած օդի ազդեցության տակ պլաստիկ խողովակը առաջ է շարժվում և կտրվում անհրաժեշտ երկարությամբ։ Այնուհետև խողովակը շարժվում է մետաղե ձողի միջով, որը անհրաժեշտ տրամագծի անցք է թողնում դրա մեջ։
Ընկերության արտադրանքն ու Հայաստանում աշխատելու ծրագրերը Ներսեսը ներկայացրեց ինժեներական ցուցահանդեսում, որը հունիսի վերջին անցկացվեց Վանաձորի VTC տեխնոլոգիական կենտրոնում։ Միջոցառման կազմակերպիչը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն էր։
Իտալացի ինժեներների ծրագրերը Հայաստանում. նոր «օպտիկայից» մինչև Գյումրու հին կենտրոն