ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Լիբանանյան գործարարները վաճառել են «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը։ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր տեղի ունեցած նիստում հաստատել է գործարքը։
Այսպիսով, «ՄՏՍ Հայաստանը» (գործում է «Վիվասել–ՄՏՍ» ապրանքանիշի տակ) դարձել է ռուսական ՄՏՍ կոնցեռնի 100%–անոց դուստր ընկերությունը։
Բաժնետոմսերի վաճառքը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։ Դեռ 2007թ.-ին ՄՏՍ–ը ձեռք է բերել «Ղ–Տելեկոմ» բջջային օպերատորի բաժնետոմսերի 80%–ը լիբանանյան Fattouche Group հոլդինգից (սեփականատերեր` Մուսսա և Պիեր Ֆաթթուչ եղբայրներ)։
Վաճառքի մասին պայմանագրում կետ կա այն մասին, որ 10 տարին լրանալուց հետո Ֆաթթուշ եղբայրների համաձայնությամբ ՄՏՍ–ը կարող է ձեռք բերել մնացած 20%–ը։
Ընկերությունից լիբանանյան կապիտալի դուրս գալու հետ կապված` աշխատանքում փոփոխություններ չեն լինի։
«ՄՏՍ Արմենիան» Հայաստանում բջջային կապի երեք օպերատորներից մեկն է։ Մնացած երկուսն են «Վեոն Արմենիան» («Բիլայն» ապրանքանիշ) և Ucom–ը։