ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Լոռու և Տավուշի մարզերի մի մասն էլեկտրաէներգիա է ստանում Վրաստանից։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
«Այդ հատվածներն անջատված են Հայաստանի էներգահմակարգից, միացված են Վրաստանի էներգահամակարգին և Վրաստանից 27 մեգավատտ հոսանք են ստանում»,– ասաց Վարդանյանը։
Իրանից ևս, նրա խոսքով, այս պահին Հայաստանը շուրջ 42 ՄգՎտ հոսանք է ստանում։
«Ընդհանուր սպառումն այս պահին 580 ՄգՎտ հոսանքի մատակարարումը վերականգնված է։ Օրվա այս ժամերին մեզ մոտ սպառման պահանջարկը լինում է 800-850, մաքսիմում` 900 ՄգՎտ։ Այս պահին 583 ՄգՎտ ապահովվում է»,– հայտնեց Վարդանյանը։
Սևան–Հրազդան կասկադը, որը վթարի հետևանքով անջատված էր համակարգից, այս պահին արդեն վերականգնված է և միացված է համակարգին։ Համակարգին են միացվել նաև ՓՀԷԿ–ները։
Ներկա պահին անջատված են միայն Երևանի ՋԷԿ–ն ու Հրազդանի ՀԷԿ–ի 5-րդ բլոկը։
Այստեղ, ըստ փոխնախարարի վթարավերականգնման աշխատանքներ են իրականացվում։
Եթե նոր տատանումներ չլինեն, Հրազդանի ՀԷԿ–ի 5-րդ բլոկն աստիճանաբար կսկսի իր աշխատանքները։
Սակայն էներգետիկ այս երկու կառույցների վերջնական վերագործարկումը տեղի կունենա միայն զննությունից հետո, երբ հաստատվի, որ տեխնիկական անսարքությունները տատանումների պատճառով չեն եղել։
«Շոգետուրբինը, երբ մտնի ցանց, էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ կվերականգնվի, և որևէ մեկն այլևս չի զգա վթարի հետևանքները։ Մեր կանխատեսմամբ` եթե այն ժամը 17։00-ին կարողանա մտնել ցանց, ժամը 19։00-ին էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնված կլինի։ Բայց 100 տոկոսով որևէ բան չեմ կարող ասել, որովհետև էներգամատակարարումը օրգանիզմի պես մի բան է, և հնարավոր է` պարզվի, որ ինչ–որ բան խափանվել է»,– ասաց փոխնախարարը։
Վարդանյանը նաև նշեց, որ ՀԷՑ–ը փորձում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտը հավասարակշռել ժամանակավոր անջատումներով։ Փոխնախարարի խոսքով` մի տեղ անջատում է, մի ուրիշ տեղ` միացնում։
Հիշեցնենք` այսօր ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։
Հոսանքի խնդրի պատճառով հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ. «Վեոլիա ջուր»