ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում 2։1 հաշվով հաղթեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ–ին։
Հայաստանի չեմպիոնի համար հանդիպումը շատ լավ մեկնարկ ունեցավ: Խաղի երրորդ րոպեին Ռոբերտ Լունդստրոմը տուգանային հրապարակում խախտեց կանոնները Զաքարիա Սանոգոյի նկատմամբ, ու մրցավարը ցույց տվեց նշակետը: Պետրոս Ավետիսյանը հստակ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:
Տասը րոպե անց շվեդների նույն պաշտպանը՝ Լունդստրոմը, երկրորդ դեղին քարտը ստացավ` ԱԻԿ-ին թողնելով տասը ֆուտբոլիստով: Բայց փորձառու մրցակիցը չընկրկեց թվային առավելություն ստացած «Արարատ-Արմենիայի» հետ խաղում: Ավելին` հյուրերը բավականին վտանգավոր գրոհեցին, ու Չինեդու Օբասիի հարվածից հետո գնդակը հետ մղվեց մեր թիմի դարպասաձողից:
Բայց նիգերացի ֆուտբոլիստին ի վերջո հաջողվեց հասնել հաջողության: Անկյունայինի խաղարկումից հետո Օբասին կարողացավ շեղել գնդակը դեպի «Արարատ-Արմենիայի» դարպասը, վերականգնելով հաշվի հավասարությունը: Իհարկե 1:1 հաշվի արդեն ձեռնտու չէր հայկական թիմին, ու մինչև ընդմիջում «Արարատ-Արմենիան» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Անտոն Կոբյալկոյի փոխանցումից հետո Պետրոս Ավետիսյանը դարձավ դուբլի հեղինակ:
Ընդմիջումից հետո շվեդական թիմը ամեն ինչ անում էր հաշիվը հավասարեցնելու համար: Նույնիսկ 10 ֆուտբոլիստով հյուրերը բավականին վտանգավոր էին գործում:
Մերոնք իրենց հերթին նույնպես ձգտում էին զարգացնել հաջողությունը: Մասնավորապես Ռոխդի Ախենտեյի հարվածը դիպավ դարպասի հորիզոնական ձողին, իսկ խաղավերջում շատ վտանգավոր հարված կատարեց Արմեն Համբարձումյանը: Բայց հաշվի մեջ նոր փոփխություն չգրանցվեց:
«Արարատ-Արմենիան» հաղթեց 2:1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 17-ին Շվեդիայում: