«Եղիցի լույս» մրցանակաբաշխության հատուկ մրցանակը շնորհվեց բազմաթիվ փառատոնների մրցանակակիր, մեդալակիր, ռուսաստանցի նշանավոր կինոռեժիսորին։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ռուսաստանիցի կինոռեժիսոր, սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեն «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնի շրջանակներում հատուկ մրցանակի արժանացավ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ թվով 7–րդ «Եղիցի լույս» մրցանակաբաշխությունը` նվիրված համամարդկային արժեքներ տարածող կինոգործիչներին։
«Շատ զգացված և հուզված եմ այս մրցանակից , որովհետև այն արտացոլում է իմ հայացքներն ու հոգևոր լույսին հասնելու ձգտումը։ Մեծ տղամարդկություն է պետք, որպեսզի դու մնաս այնպիսին, ինչպիսին կաս։ Այս մրցանակն ինձ ոգևորեց. համոզված եմ այն կտա նոր ուժ` իրականացնելու համար իմ գաղափարները և լույսին հասնելու ձգտումը»,– ասաց Ալեքսանդր Մինդաձեն։
«Ոսկե ծիրան » միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով`այս մրցանակը շնորհելու համար հաշվի են առել Ալեքսանդր Մինդաձեի գրող և սցենարիստ լինելու հանգամանքը, նրա մարդկային արժեհամակարգը և վերջին տաս տարիների նրա` կինոռեժիսորի գործունեությունը։ «Արվեստագետի համար շատ կարևոր է, թե ինչ ժառանգություն է թողնելու իրենից հետո։ Բոլորիս ցանկությամբ Մինդաձեն ընտրվեց այս մրցանակի հավակնորդ»,– ասաց Խաչատրյանը:
Մրցանակի հանձնման արարողությունը սկսվեց տերունական աղոթքով։ Միջոցառման վերջում հնչեցին նաև հոգևոր երգեր։
Հիշեցնենք, որ հուլիսի 7–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կավարտվի հուլիսի 14–ին։