ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Երևանի երկու մեծ գրախանութներում անցկացրած փոքրիկ հետազոտության շնորհիվ Sputnik Արմենիան պարզել է, թե որ գրքերն են այսօր ամենաակտուալը, ամենաընթերցվողն ու սիրվածը: Մեր թղթակիցն այցելել է «Բուկինիստ» ու «Նոյյան տապան» գրախանութներ` պարզելու համար այս շաբաթ ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, որը ներկայացնում ենք ստորև։
Բուկինիստ
Էրիխ Ֆրոմ, «Սիրելու արվեստը»
Ռոբերտ Քոչարյան, «Կյանք և ազատություն»
«Կյանք և ազատությունը» ինքնակենսագրական վեպ է, որտեղ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատմում է իր կյանքի և անցած ուղու մասին:
Մարկ Մենսոն, «Թքած ունենալու նուրբ արվեստը»
Այս ստեղծագործությունը հոգեբանական ժանրի է: Այն պատմում է մարդու ներաշխարհի մասին, բացահայտում անձնական երջանկության հասնելու և ինքնակատարելության ուղիները: Գրքում հեղինակը օրինակներ է բերում նաև սեփական կյանքից:
Նապոլեոն Հիլ, «Մտածիր և հարստացիր»
Գրքի հեղինակը ներկայացնում է սեփական քրտինքով հաջողության հասած մարդկանց հետ զրույցները, կիսվում նրանց փորձով: Այն փիլիսոփայական ժանրի ստեղծագործություն է:
Սյունե Սևադա, «Կախվածություն»
Այս հավաքածուն ամբողջացնում է հեղինակի բանաստեղծություններն ու պատմվածքները: Հեղինակը պատմում է հերոսների խնդիրների մասին և ներկայացնում, թե ինչպես կարելի է դրանք շրջանցել:
Բացի նշված գրքերից, «Բուկինիստում» մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառված գրքերի ցանկում են նաև Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին», Շառլ Ազնավուրի «Դարի երգիչը», Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն», Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները. հավերժական սիրո գաղտնիքը», Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» ստեղծագործությունները։
Նոյյան տապան
Սաշա Սոկոլով, «Հիմարների դպրոցը»
20-րդ դարի վերջին գրված վեպի գլխավոր հերոսը տառապում է անձի երկվությամբ և ժամանակն այլ կերպ է ընկալում: Պոստմոդեռնիստական ժանրում գրված վեպն անվրեպ չի մնա իսկական «գրքամոլի» աչքից:
Վիլյամ Սարոյան, «Տղաները աղջիկների համար, աղջիկները` տղաների»
Վեպն ունի ինքնակենսագրական հիմքեր: Այն ուղեկցվում է հեղինակին բնորոշ հումորով: Ստեղծագործության գլխավոր հերոսը փորձում է դուրս գալ իր ստեղծագործական ճգնաժամից, իսկ նրա կինը դերասանուհի է, որը զբաղված է իր երկու երեխաների դաստիարակությամբ և ապրում է ձանձրալի կյանքով:
Հանթեր Թոմփսոն, «Վախն ու զզվանքը Լաս-Վեգասում», «Խոզերի սերունդը», «Վախի թագավորությունը»
Կոնտրկուլտուրայի կրող, գոնզո-ժուռնալիստիկայի հիմնադիր Հանթեր Թոմփսոնի ամենահայտնի երեք ստեղծագործությունները չեն վրիպել նաև հայ ընթերցողի աչքից:
Դանիիլ Խարմս, «Ես կրակոտ ելույթների հանճար եմ»
Այս գիրքը սովետական շրջանի գրող Դանիիլ Խարմսի բանաստեղծությունների թվով 4-րդ հրատարակչությունն է, որն իր մեջ ներառում է հեղինակի բանաստեղծություններն ու «Ելիզավետա Բամ» պիեսը:
Սերգեյ Փարաջանով, «Պատմվածքներ և սցենարներ»
Գիրքն ամփոփում է հայ հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի բոլոր հայտնի և անհայտ պատմվածքներն ու սցենարները, այդ թվում՝ սիրված ֆիլմի՝ «Նռան հատիկ»-ի սցենարը:
«Նոյյան Տապան» գրախանութում ամենաշատ վաճառված գրքերի ցանկը շարունակում են Ալեքսանդր Թոփչյանի «Չարիքի զավակները», Պարույր Սևակի «Ամանեջ»,
Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա», Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը»,
Ալեքսանդր Գրիգորյանի «Հայկական Բաքու. քաղաքի կարճ նկարազարդումները 1917 թվականից առաջ եւ հետո» ստեղծագործությունները: