Ախուրյանի «ջրային պատերազմներն» արդեն մի քանի տարվա պատմություն ունեն, և դեռ ոչ մի հանգուցալուծում չի նշմարվում: Ի հայտ են գալիս ապօրինությունների նոր հանգամանքներ:
«Իմ պարագայում ապահովվել են օրինական բոլոր ընթացակարգերը, և արդյունքում ստացել եմ ՀԷԿ շահագործելու իրավունք, սակայն իմ, այսպես կոչված, հովանավորյալ մրցակիցներն ուզում են խոչընդոտել իմ գործունեությունն ու ինձ դուրս մղել տնտեսվարության այս ոլորտից»,-մտահոգված ասում է Գևորգ Մանուկյանը:
Իսկ փաստաբանին տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ «Էրստեդ», «Լայթէկո» և «Ֆենհալ» ընկերությունները, որոնք խախտել են բնապահպանական թողքը, ինչի հետևանքով ոչնչանում է գետի էկոհամակարգը, չգիտես ինչու, չեն հայտնվում պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Նույնիսկ վարչական վարույթի դիմում չի ներկայացվում:
«Մեզ համար ամենամտահոգիչն այն է, որ այդ երեք ընկերությունները մինչ օրս չունեն ջրօգտագործման ու շահագործման թույլտվություն, բայց շարունակում են ՀԷԿ շահագործել: Եվ դատախազությունը աչք է փակում այս իրողության վրա, մինչդեռ իր ողջ գործիքակազմով, անգամ օրենսդրական կարգավորումներից դուրս մեթոդներով ու անօրինական եղանակներով փորձում է ճնշում գործադրել «Անի» ԲԲԸ-ի վրա»,- ասում է Հրանտ Անանյանը:
Հիշեցնենք, որ 2009 թվականից սկսած ՝ Ախուրյան գետի վրա հերթականությամբ սկսվեցին ևս երեք ՀԷԿ-երի կառուցապատման աշխատանքները, ինչը սեփականատերերի սուր տարաձայնությունների պատճառ դարձավ: