ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին հայտնում է armtimes.com–ը։
Պարբերականը հիշեցնում է, որ ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության շրջանակում մեղադրվող քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնից` Վահագն Աբգարյանից, պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Իսկ սպանությունը կատարելու համար մեղադրվում է Վլադիմիր Դավթյանը:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակի» հարցերին պատասխանել է գործով տուժող Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև գործի նյութերում առկա գաղտնալսումներին։
«Գաղտնալսումներում կան տեղեկություններ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու և կաշառք տալու փորձ կատարելու վերաբերյալ»,– ասել է փաստաբանը։
Հարցին, թե ովքե՞ր են այդ պաշտոնատար անձինք, Լուսինե Սահակյանը պատասխանել է. «Թաթուլ Շուշանյանը, նաև բազմաթիվ խոսակցություններ կան, որտեղ հոլովվում են Արամ Թամազյանի (Աղվան Հովսեփյանի նախկին տեղակալը), Աղվան Հովսեփյանի, Սամվել Ալեքսանյանի անունները, երբ Վահագն Աբգարյանը և Թաթուլ Շուշանյանը իրար հետ զրուցում են, խոսում են այն մասին, որ դիմել է և շարունակելու է դիմել, որպեսզի միջամտի նաև Սամվել Ալեքսանյանը՝ Աղվան Հովսեփյանի հետ հարաբերություններում, որպեսզի այդ խնդիրները լուծվի, բացի դա այդ խոսակցություններում նաև տարբեր այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկություն կա, և դրանով է պայմանավորված, որ այս գործից անջատված մաս է քննվում նաև»:
Փաստաբանի խոսքով` գործում կան հեռախոսային խոսակցությունների վերծանումներ, որտեղ հստակ երևում է, որ «Սամվել Ալեքսանյանի հետ կապված ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը և բազմաթիվ զանգեր կան Սամվել Ալեքսանյանի համարին»: «Ընդհանուր խոսակցության ժամանակ որոշ ինֆորմացիա նա իր և Սամվել Ալեքսանյանի միջև խոսակցություններից փոխանցում է իր զրուցակիցներին»,– ասել է Սահակյանը։
Փաստաբանը նշել է, որ խոսակցությունից այնպես է հասկացվում, թե Սամվել Ալեքսանյանը խոստացել է միջատել:
Լուսինե Սահակյանը չի բացառել, որ հիշյալ պաշտոնատար անձինք գործի քննության ընթացքում կկանչվեն դատարան` հարցաքննության։
«Կոնկրետ Աղվան Հովսեփյանը չկա դատակոչի ցուցակում, բայց մենք միջնորդելու ենք անպայման, որպեսզի նրանք ևս հարցաքննվեն: Համենայնդեպս, մենք քննարկում ենք վստահորդի հետ այդ խնդիրը»,– ասել է նա։
2017 թվականի հունիսի 13-ին՝ կեսօրին, Ալավերդի քաղաքի բանուկ հատվածներից մեկում՝ Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էին արձակվել 1978թ. ծնված Կ.Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից վերջինս մահացել էր։ Կամո Փիրուզյանը Վարդան Փիրուզյանի եղբայրն է. վերջինս այժմ հետախուզվում է Վահագն Աբգարյանի թիկնապահներին՝ Էդուարդ Պողոսյանին և Վարդան Ավագյանին սպանելու մեղադրանքով: