Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման շրջանակում ասում է Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող ծրագրի ղեկավար Սուրեն Գյուրջինյանը։
Գյուրջինյանի խոսքով՝ մի քանի հանգամանք կարելի է նշել էներգիայի ոչ արդյունավետ օգտագործման մասով։ Առաջինը՝ Էներգախնայողության քաղաքականությունը որոշակի առումով ներդրումներ պահանջող քաղաքականություն է։ «Երևի թե, այդ ներդրումների պակասը կա ՀՀ-ում, մասնավորապես, արտադրության մեջ էներգախնայող տեխնոլոգիաներ ներդնելու։ Լուրջ ներդրումներ են պահանջվում բնակելի ֆոնդի, հանրային հատվածի մասով և այլն։ Երկրորդ բաղադրիչը գիտակցության պակասն է։ Հասարակությունն էլ պետք է հասկանա՝ ինչի համար է էներգախնայողությունը։ Դա առաջին հերթին շահավետ է։, Էներգաարդյունավետության գաղափարը սկսվում է տարրական գործողություններից․ օրինակ՝ լույսը անջատել, սառնարանի դուռ չբացել և այլն»,- ասում է մասնագետը։
Ըստ նրա՝ վերջին կարևոր բաղադրիչը պետական քաղաքականությունն է։ Հայաստանում էներգախնայողության ոլորտի պետական քաղաքականության մասով շատ բան է արվել։ 2007-2008 թվականների մշակվել է «Էնեգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքը, որտեղ էլ շարադրվել են հենց էներգախնայողության պետական քաղաքականության հիմնադրույթները։
«Մենք ունենք նաև էներգախնայողության բնագավառի գործողությունների ծրագիր և դրանից բխող պլան, որը պարբերաբար թարմացվում է։ Ինչն է խանգարում այս ամենն ավելի կիրառելի դարձնել․ նախ այդ օրենքը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության մասով բավականին դեկլարատիվ է, սակայն պետք է ասել՝ այն ժամանակ դա միակ կոմպրոմիսային տարբերակն էր։ Ներկայումս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամեն ինչ անում է այդ օրենքն ավելի պրակտիկ, կիրառական դարձնելու համար»,- ասում է մասնագետը։
Սուրեն Գյուրջինյանը նշում է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) օժանդակությամբ մշակվել է նաև էներգաարդյունավետ պետական գնումների փաթեթ և պահանջը դրվելու է օրենքով։ Հոկտեմբեր ամսից այդ կանոնակարգի պահանջները պարտադիր են դառնալու Հայաստանի Հանրապետությունում և՛ նոր կառուցվող շենքների, և՛ հիմնանորոգվող շենքների, և՛ այլ տարածքների համար։