ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Որպես ռազմավարական տեսլական պատկերացնում ՀՀ քաղաքացիները պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն, և այս շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն։ Այս մասին այսօր Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում հայտարարեց Փաշինյանը, որը շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանն էր մասնակցում։
«Ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը ՀՀ–ում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, այլև այն Հայաստանում ռուսերենի ընդլայնման ու զարգացման հարթակ է դառնում։ Ուզում եմ ՌԴ կառավարությանը շնորհակալություն հայտնել` ՀՀ–ում նման համալսարանի բացման գործում ցուցաբերած աջակցության համար»,–ասաց նա։
Վարչապետի խոսքով` նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ ԿԳ ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, ինչից օգտվելը ՀՀ ուսանողների համար բացառիկ հնարավորություն է։
Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին` նշելով, որ նրանք հետագայում իրենց նպաստն են բերելու հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, որը Հայաստանի համար ինչպես ունեցել է, այնպես էլ ունի և պետք է ունենա ռազմավարական նշանակություն։
Հիշեցնենք, որ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը բացվել է 2015–ին։