ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած խոշոր ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացված անձանց թիվն արդեն գերազանցել է 190-ը, 12 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչությանը։
Ավելի վաղ հայտնում էին 750 տուժածի մասին, նրանցից 153-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Ջրի տակ անցած շրջաններից տարհանվել է ավելի քան 2500 մարդ, ընդ որում շուրջ 600-ը` երեխաներ։ Ներկա պահին 15 ժամանակավոր կացարաններում ապաստան է գտել ավելի քան 670 մարդ, որից 245-ը երեխաներ են։ Մյուս տուժածները ժամանակավոր ապաստան են գտել հարազատների և ծանոթների մոտ։
Հիշեցնենք` Իրկուտսկի շրջանում առատ տեղումների հետևանքով հեղեղվել են գետերը։ Արտակարգ ռեժիմ է մտցվել 6 շրջանում։ Ուժեղ ջրհեղեղի գոտում է հայտնվել 95 բնակավայր։ Ջրհեղեղից տուժել է շուրջ 10 հազար տուն, տուժած բնակիչների թիվը շուրջ 33 հազար է։ Հիվանդանոց են դիմել ավելի քան 1300-ը, հոսպիտալացվածների թվում է 38 երեխա կա։
Շաբաթ օրը աղետի գոտի է այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հանձնարարել է կարգավորել ժամանակավոր կացարաններում քաղաքացիների տեղավորման գործընթացը, աղետի գոտուց երեխաներին ամառային ճամբարներ ուղարկել և կարճ ժամկետներում բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնման պլան մշակել։