ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Արթուր Գրիգորյանը երկրորդ անգամ պապիկ է դարձել: Ծնվել է նրա որդու՝ Նարեկ Գրիգորյանի ու հարսի՝ Անի Գաբրիելյանի առաջնեկը:
Փոքրիկ աղջիկը լույս աշխարհ է եկել 3270 գրամ քաշով և 51 սմ հասակով:
Այս լուրը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանը։
«Եղբորս առաջնեկի ծնունդին երկար ենք սպասել։ Իմ աղջիկը՝ Կարինան, շուտով կդառնա 7 տարեկան ու բնական է, որ ծնողներս էլի էին թոռնիկ ուզում։ Բոլորս շատ ուրախ ու լավ տրամադրությամբ հիվանդանոցում ենք։ Հայրս երբեք չէր պատկերացնի, որ թոռանը կարելի է երեխայից շատ սիրել , սակայն աղջկաս ծնունդից հետո հասկացավ, որ դա միանգամայն հնարավոր է։ Նա մեկ ժամով է տեսել իր նոր թոռնիկին, բայց ինչպես ասում են`դա սեր էր առաջին հայացքից։ Աղջնակի անունը դեռ չեն որոշել»։
Նշենք, որ այսօր իր Instagram-ի էջում Մանե Գրիգորյանը դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ նոր լուսանկար է հրապարակել Էրեբունի բժշկական կենտրոնից և նշել, որ իրենց ընտանիքում աղջիկ է ծնվել: Նարեկ Գրիգորյանի կինը ՝ Անին, Արփի Գաբրիելյանի հարազատ քույրն է։
Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ նորաթուխ պապիկ Արթուր Գրիգորյանը դժվարացել էր խոսել իր էմոցիաների մասին. «Բոլորովին նոր ու անծանոթ զգացմունքներ ունեմ, չեմ կարող բնութագրել»,- հարցազրույցներից մեկում ասել էր նա` երբ ծնվել էր նրա առաջին թոռնիկը` Մանե Գրիգորյանի դուստրը։