ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության ապահովման բարձրացման, հնարավոր դիվերսիոն ներթափանցումների նախականխման ու խափանման, ներքին անվտանգությանը, ՀՀ սահմանադրական կարգի պահպանմանը ու դրա սպառնալիքների չեզոքացմանը վերաբերող և հարակից այլ հարցեր:
Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների, ելույթների ու քննարկումների արդյունքները՝ ԱԱԾ տնօրենն առանձին ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ տվել է խիստ գնահատականներ, իսկ որոշ ուղղություններով դրանց արդյունքները գնահատել է ոչ բավարար՝ ընդգծելով դրանց կատարելագործման և առավել բարձր նշաձող սահմանելու անհրաժեշտությունը:
ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի փաստով քրեական գործ չի հարուցվել. Վանեցյանն ասաց` ինչու
Վանեցյանը կենտրոնական մարմնի և տարածքային առանձին ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել օպերատիվ իրավիճակի և միջազգային զարգացումների պարբերաբար վերլուծության, ծառայությունում նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրման, այլ պետական մարմինների ու գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալու ուղղությամբ:
Նիստին ներկա են եղել ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: