ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Համահայկական խաղերի հայտերի ընդունման վերջնաժամկետը չնայած չի լրացել, բայց արդեն հայտնի է, որ մի քանի երկիր մասնակիցների աննախադեպ մեծ թվով է ներկայանալու: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հայտնում է, որ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն այս մասին ասել է «Համահայկական կամավորական միություն» ԵՀԿ կամավորների հետ հանդիպման ժամանակ։
«Օրինակ` ԱՄՆ-ից 400 երիտասարդ է մասնակցելու խաղերին, Իրանից ավելի քան 200 մասնակից կա, Վրաստանից` 250: Ակնկալվում է, որ, ընդհանուր առմամբ, մոտ 5000 մասնակից ենք ունենալու` չհաշված նրանց հետ ժամանող հարազատներին, ընկերներին»,–ասել է նա։
Անդրադառնալով կամավորներին` նա նշել է, որ կամավորական աշխատանքը շնորհակալ գործ է:
Ֆուտբոլի և ֆուտզալի հայտերը համահայկական խաղերում կգերազանցեն հինգ տասնյակը. Զաքարյան
Հանդիպմանը մասնակցող երիտասարդներն էլ նշել են, որ Համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լավագույն դրսևորումներից են և միմյանց ճանաչելու, նոր ընկերներ ձեռք բերելու լավագույն հնարավորություն:
Հիշեցնենք, որ համահայկական ամառային 7-րդ խաղերը կայանալու են օգոստոսի 5-17-ը` Արցախում և Հայաստանի Հանրապետությունում: Բացումը տեղի կունենա օգոստոսի 6- ին Ստեփանակերտում: