ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը Տավուշի մարզում ուժեղացված ծառայություն է իրականացրել և բերման ենթարկել մարզում ապրող քրեական հեղինակություններին Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ ծառայությունն իրականացվել է հունիսի 21-ին և 22-ին, սակայն ոստիկանությունը լուրը հայտնում է այսօր:
«Մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների փաստերով պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 12 տրանսպորտային միջոց»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարգազանց վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։
Իրավապահ մարմինները նաև կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հնարավոր հանցագործությունների կանխման նկատառումներով: Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք: Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։