ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Տավուշի բժշկական կենտրոնում կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել է կոռուպցիոն մի ամբողջ մեխանիզմ, որի շնորհիվ հիվանդանոցը գրեթե առանց վճարումների մասնավորեցվել է` պետությանը պատճառելով խոշոր վնաս։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2014թ.–ին ԲԿ–ն օտարել են ՍՊԸ-ին, որի վերաբերյալ Պետգույքի կառավարման կոմիտեի ու ընկերության միջև կնքվել է գույքի օտարման և գրավի պայմանագիր: Դրանով ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում: Ընդ որում, մինչ ներդրումային պարտավորությունների կատարման ավարտը գույքը պետք է գրավադրված մնար պետական մարմնում:
Բայց 2017 թ.-ի հոկտեմբերի 11-ին ընկերությունը խնդրել է հիվանդանոցի գույքը գրավից հանել` ներկայացնելով մինչ այդ վճարած գումարների մասին տեղեկանք, որի հիման վրա գրավը վերացվել է։
Ուսումնասիրությամբ, սակայն, պարզվել է, որ ընկերության ներկայացրած տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը:
Բացի այդ, 2017թ. հուլիսի 28-ին ընկերությունը կրկին դիմել է կոմիտեին և հայտնել, որ մեկ այլ ընկերությանը միացման ձևով վերակազմակերպման արդյունքում 661.5 մլն ՀՀ դրամի ակտիվների ներհոսք է կատարվել և խնդրել է ներդրումային պարտավորությունները նույն գումարի չափով համարել կատարված:
Բայց պետական ռեգիստրի գործակալությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Բացի այդ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ որպես ներդրումային պարտավորություն է դիտվել 342.6 մլն ՀՀ դրամի չափով ընկերության հաշվեկշռում առկա գույքը։ Բայց թե երբ է այդ գույքը ձեռք բերվել ու որտեղ, պարզել հնարավոր չի եղել։
Հայաստանի ամենաշքեղ և բարձրակարգ հյուրանոցն առաջիկայում կվերածվի աղբանոցի. «Ժողովուրդ»
Պարզվել է նաև, որ 2015թ. հոկտեմբերի 20-ին շուրջ 74 մլն ՀՀ դրամ արժեքով գույքն ամրակցվել էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին, բայց մարզպետարանի պաշտոնատար անձանց անփութության հետևանքով գույքը դուրս է եկել մարզպետարանի տնօրինումից։
Արդյունքում` փաստաթղթեր կեղծելու և շուրջ 1 մլրդ 107 մլն ՀՀ դրամ ներդրումային պարտավորությունը չկատարելու պայմաններում խաբեությամբ ուրիշի գույքի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով իրավունք ձեռք բերելու փաստերով հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: