ԵՐԵՎԱՆ, 26 Հունիս — Sputnik. Երևանի 25–ամյա բնակչուհու սպանության գործով 28–ամյա մի տղա է ձերբակալվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։
«Ձերբակալվածը Չարենցավան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990թ.-ին։ Նա 25-ամյա աղջկա դին թաքցրել է տան խորդանոցում: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևանի Նորք-Մարաշ 17 փողոցի տներից մեկում զննությամբ հայտնաբերել է 25-ամյա կնոջ դին՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած և բութ առարկայի ներգործության հետքերի վնասվածքներով»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ 2019 թվականի հունիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` սպանության հատկանիշներով:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 25-ամյա աղջկան սպանելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Sputnik Արմենիայի տեղեկություններով` ծածկոցով փաթաթված դիակն ամբողջությամբ արնաշաղախ վիճակում է եղել։ Աղջկան սպանել են դանակի բազմաթիվ հարվածներով։
Մեր տեղեկություններով՝ սպանվածն ամուսնացած չէր և ապրում էր Նոր Նորքում։ Նա և երիտասարդը վերջերս էին ծանոթացել ու մտերմություն էին անում։