ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է վերանայել գույքահարկերի չափերը: Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` պատասխանելով Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ընդդիմության հնչեցրած տեսակետներին:
«Կարծում եմ` համահարթեցման միջոցով խնդիր չի լուծվում, և սոցիալական արդարությունը պրոգրեսիվ հարկման եղանակով չի լուծվելու: Մարդու աշխատանքի հարկումը չի կարող սոցիալական արդարության հարց լուծել: Սոցիալական արդարության հարց կլուծվի, եթե մենք հարկենք կապիտալը, հարստությունը, անշարժ գույքը, չաշխատող գույքը: Ահա այդ նպատակով շուտով կառավարությունը կներկայացնի գույքահարկի մասին ռեֆորմը, որով մի քանի միլիոն արժեցող թանկարժեք գույքերի գույքահարկը կբարձրանա, և դրանով մենք սոցիալական արդարությունը որոշոկի կվերականգնենք»,- ասաց նա:
Մինչ այդ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու փաթեթին, քանի որ եկամտահարկի համահարթեցման դրույթն իրենց համար անընդունելի է:
«Համահարթեցումը մեզ համար սոցիալական արդարություն չէ, և մենք այս հարցով չենք փոխում մեր դիրքորոշումը»,- ասաց նա:
Հիշեցնենք` Ազգային ժողովն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց և երեկ շարունակեց քննարկել 2020 թվականի հունվարի 1-ից գործող եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնելու և եկամտահարկի հաշվման նոր դրույքաչափ կիրառելու մասին կառավարության հեղինակած նախագիծը։ Դրանով նախատեսվում է ներդնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ 23%։ Իսկ մինչև 2023 թ.-ը այն նախատեսվում է աստիճանաբար նվազեցնել մինչև 20 %:
Նշենք, որ այժմ եկամտային հարկի հաշվարկը կատարվում է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած, Հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ դրույքաչափերով` մինչև 150 000 դրամ աշխատավարձից հարկվում է 23% եկամտահարկ, 150 000- 2 մլն դրամից` 28%, 2 մլն–ից ավելի` 36%:
Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Արայիկ Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ անշարժ գույքի գնահատման նոր մեթոդիկան մոտեցնում է նրա արժեքը շուկայականին։ Առաջարկվում է կադաստրային գները հաշվարկել նոր բանաձևով՝ ավելի մոտ շուկայական գներին։ Նպատակը հողի հարկի և գույքահարկի նոր, արդարացի համակարգն է։
Աղքատներն ավելի կաղքատանան, հարուստներն ավելի կհարստանան, գներն էլ կաճեն
Հիմնականում պետք է բարձրանա Երևանի կենտրոնում անշարժ գույքի կադաստրային արժեքը։ Ծայրամասերում և հատկապես մարզերում այն ավելի քիչ կբարձրանա։
Ավելի վաղ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նշել էին, որ բնակչության առանձին խմբերի համար կարող է առաջարկվել հատուկ մոտեցում. օրինակ, Երևանի կենտրոնի այն բնակիչների պարագայում, որոնք ժառանգել են ծնողների բնակարանները, այսինքն անպայման չէ, որ կպատկանեն բնակչության բարեկեցիկ խավին։