ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Գառնիկ Իսագուլյանն ազատվել է Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնից։ Նա այս մասին հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` տեղեկացնելով, որ ազատման դիմում է ներկայացրել Բակո Սահակյանին:
«2 օր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին խնդրել եմ, որ ինձ ավելի ազատ կարգավիճակ տա՝ ազատելով աշխատանքից, բայց պայմանով, որ դա չի ազդելու մեր հարաբերությունների վրա։ Դեպքերը զարգանում են մեզ համար ոչ ցանկալի արագությամբ ու ուղղվածությամբ, և ես այս վիճակն այլևս չեմ կարող հանդուրժել։ Իմ հրաժարականով ոչինչ չի ավարտվում, Արցախում չկա մի ղեկավար, որի հետ աշխատած չլինեմ, և անկախ նրանից՝ ես պաշտոն կզբաղեցնեմ, թե ոչ, Արցախն ինձ համար թիվ մեկ խնդիրն է»,– ասել է Իսագուլյանը։
Նա նշել է, որ պաշտոնից ազատվելուց հետո այլևս կաշկանդված չի լինի, և Հայաստանի մտահոգ պաշտոնյաների համար կսկսվեն «դաժան օրեր», քանի որ, նրա համոզմամբ, Հայաստանի և Արցախ հարաբերություններում երբեք ավելի վատ վիճակ չի եղել, քան այսօր կա։
«Հայաստան–Արցախ հարաբերությունները գնալով վատթարանում են, ինչի մեղավորը ՀՀ վարչապետն է։ Դրա համար ես այդ պաշտոնում չեմ կարող գործողություններ իրականացնել։ Ո՞վ է տեսել՝ երկրի թիվ մեկ ղեկավարը երեխու նման խռովի։ Ո՞նց կարող է մայիսի 9–ին Արցախ այցելելուց հետո 2 երկրների ղեկավարների միջև այլևս ոչ մի շփում չլինել»,– ասել է նա։
Հայաստանի քաղաքական ղեկավարի հայտարարությունը, թե Արցախն անկախ է և պետք է ինքնուրույն բանակցի, Իսագուլյանի համար անհասկանալի է այն պայմաններում, երբ նույն այդ ղեկավարությունը միջամտում է Արցախի ներքին հարցերին։
Գառնիկ Իսագուլյանի խոսքով` այսօր գերխնդիրը Արցախի անվտանգությունն է, մինչդեռ շատերը զբաղված են սենսացիաներով: