ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահը։ Բակո Սահակյանն Արցախի ժողովրդի, իշխանությունների և իր անունից ի սրտե շնորհավորել է նախագահ Սարգսյանին:
«Թող Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես նպաստեն մայր Հայրենիքի և հարազատ ժողովրդի զորացման ու բարգավաճման, հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման, համազգային խնդիրների լուծման գործին», -ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում: Բակո Սահակյանն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հղած շնորհավորական ուղերձում շեշտված է Արմեն Սարգսյանի դերը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում:
Նախագահ Պուտինը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:
Երկու երկրների հարաբերությունների խորացման գործում Արմեն Սարգսյանի ունեցած դերը շեշտել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում:
Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում:
«Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև փոխշահավետ համագործակցության առաջխաղացմանը»,- ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում:
Արմեն Սարգսյանի դերն ու աշխատանքը Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ մատնացույց է արել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ:
Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն կբացահայտի փոխգործակցության ներուժը և մեր երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հնարավորությունները կյանքի կկոչվեն»,- ՀՀ նախագահին հղված շնորհավորական ուղերձում նշել է Նազարբաևը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:
«Հայաստանը Չինաստանի համար համագործակցության ավանդական գործընկերներից է, հայ-չինական բարեկամական հարաբերություններն իրենց արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ: Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հետևողականորեն խորանում է գործնական համագործակցությունը»,- ասված է Չինաստանի նախագահի ուղերձում:
Սի Ծինփինը շեշտել է, որ մեծ նշանակություն է տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանն ու պատրաստ է ՀՀ նախագահի հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը նոր տեղաշարժեր գրանցեն և այդպիսով ավելի իրական օգուտ բերեն երկրների ժողովուրդներին: