ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ԱԺ–ն քննարկում է ՀԱՊԿ երկրների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին պայմանագրի վավերացման հարցը։
Փաստաթուղթը ենթադրում է տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև տեղեկատվական անվտանգություն ոլորտում այդ երկրների համապատասխան կառույցների միջև համակարգում։ Պատգամավորները փաստաթուղթը ներկայացնող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե արդյոք վտանգ չկա, որ Հայաստանի մասին որոշ տվյալներ կարող են Ադրբեջան արտահոսել։ Նրանք մատնանշեցին այն հանգամանքը, որ ՀԱՊԿ որոշ երկրներ համագործակցում են Բաքվի հետ միջազգային իսլամական կազմակերպությունների գծով։
Վանեցյանը վստահեցրեց, որ նման վտանգ չկա։ Նրա խոսքով` խոսքը լոկալ և փակ համակարգի մասին է, որը կարող են օգտագործվել բացառապես ՀԱՊԿ մասնակից երկրները, կազմակերպության մեջ չմտնող երկրները այստեղ ներխուժելու հնարավորություն չունեն։
«Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ բացառել մյուսների կողմից տվյալների օգտագործման լուռ համաձայնության հավանականությունը։ Սակայն մենք պետք է ջանքեր գործադրենք, որ նման դեպքեր չլինեն», – ասաց Վանեցյանը։
Նա նաև պարզաբանեց, որ տեղեկատվական անվտանգության այս համակարգը չի ինտեգրվելու Հայաստանի պետական ձեռնարկությունների հետ, ինչը հստակ ամրագրված է համաձայնագրում։ Եվ չկա վտանգ, որ Հայաստանից ինչ–որ ներքին տեղեկություն կհայտնվի Բաքվում։