ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը նոր տեսանյութ է հրապարակել Instagram–ում։ Կադրերում երևում է` ինչպես է նրա հետ աշխատում մարզիչը` քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն, բռնցքամարտի և թեյքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն Սվետլանա Անդրեևան։
Լսվում է, թե ինչպես է մարզման ժամանակ Անդրեևան հայերեն ասում` «գնացինք», «ապրես», «լավ», իսկ տեսանյութի վերջում հայերեն շեշտադրությամբ ասում ա` «մալադեց»։
«Համատեղ աշխատանքի ընթացքում Սվետլանա Անդրեևան արդեն հայերեն է սովորում, նույնիսկ ակցենտ է զգացվում», – գրել է հայտնի մարզիկը։
Մարզիկի բաժանորդները հիացական մեկնաբանություններ են գրել գրառման տակ։
Հիշեցնենք, որ մայիսի 17–ին Հարությունյանն արժանացավ Ռուսաստանի Չեմպիոնների գավաթին։ Նա 10։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց բելառուս մարզիկ Յարոսլավ Քարդաշին։