ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի– Sputnik. Հունիսի 18-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Զոհրաբ Մնացականյան– Էլմար Մամեդյարով հանդիպումը կայանալու է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։
Վաշինգտոնում արտգործնախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ավելի վաղ ԱԳՆ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։ Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։
Նշենք, որ Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել է մայիսի 13-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։
Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին խոսք չկա։