ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ՆԱՏՕ–ի ԽՎ–ի հայկական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել իր նախաձեռնողականության աստիճանը միջազգային այդ հարթակն ավելի արդյունավետ օգտագործելու համար` ի նպաստ երկրի շահերի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՆԱՏՕ–ի ԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
ՆԱՏՕ–ի ԽՎ–ի գարնանային նստաշրջանի արդյունքների մասին խոսելիս` Քոչարյանը նշեց, որ տարբեր թեմաներով զեկույցները ներկայացնելու ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը բազմիցս փորձել է ճեղքեր գտնել` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերը բարձրացնելու համար։
«Ադրբեջանը հնչեցնում էր խնդիրներ, որոնք չէին վերաբերում զեկույցների տրամաբանությանը, և բնականաբար, մեր խնդիրն էր հակազդել դրանց», – նշեց հայկական պատվիրակության ղեկավարը։
Միևնույն ժամանակ քննարկումներն ընթանում էին տարբեր դահլիճներում, ինչը բարդացնում էր Հայաստանի ներկայացուցիչների գործը, քանի որ նրանք պարզապես ֆիզիկապես չէին հասցնում ներկա լինել բոլոր քննարկումներին և հետևել Ադրբեջանի` արցախյան թեմայի շուրջ բանավեճ ծավալելու փորձերին։
Սակայն, ինչպես ընդգծեց Քոչարյանը, հայկական պատվիրակությունը մտադիր է փոխել այդ հարթակում աշխատելու մարտավարությունը և ավելի լուրջ նախապատրաստվել ՆԱՏՕ–ի ԽՎ–ի աշնանային նստաշրջանին. այսուհետ Հայաստանի պատվիրակները չեն սահմանափակվի միայն պատասխանելով ադրբեջանական կողմի հայտարարություններին, այլ կլինեն ավելի նախաձեռնող։
«Այս այցելությունից հետո հասկացանք` ինչպես պետք է օգտագործենք ամբողջ ծավալով և՛ ԱԳՆ–ի, և՛ ԱԺ–ի, և՛ այլ կառույցների հնարավորությունները` աշնանային նստաշրջանի ժամանակ տեսակետները ճիշտ կառուցելու համար», – հայտարարեց Քոչարյանը։
Ավելին, Քոչարյանը չբացառեց, որ կհաջողվի գտնել անվտանգության և տարածաշրջանային խաղաղությանը վերագրվող հիմնական վերջնական մի գաղափար, որն ընդունելի կլինի ոչ միայն Հայաստանի, այլև շահագրգիռ մյուս կողմերի համար։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի ԽՎ–ի գարնանային նստաշրջանը կայացավ մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում (Սլովակիա)։