ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հայտնի մշակութային գործիչ, դերասան և ռեժիսոր Արթուր Էլբակյանի դուստրը` ամերիկացի պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը երրորդ անգամ արժանացել է Emmy Award ամերիկյան հեռուստատեսային ինդուստրիայի բարձր պարգևին:
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Անուշ Էլբակյանի հայրը՝ Արթուր Էլբակյանը:
«Շտապեմ կիսվել ուրախալի լուրով: Նախադեպ չունեցող փաստ: Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացավ Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» - Emmy Award բարձրագույն մրցանակին։ Հայրերի օրվա կապակցությամբ, լավ նվեր արեց ինձ և համայն հայությանը», – գրել է նա Facebook–յան իր էջում` մաղթելով, որ հայերը հնարավորինս հաճախ հաղթանակների հասնեն։
Անուշ Էլբակյանը ներկայացնում է ամերիկյան Boston Globe պարբերականը, որտեղ աշխատում է որպես լրագրող և պրոդյուսեր: Ավելի վաղ նա իր թիմի հետ Պուլիցերյան մրցանակ էր ստացել` ահաբեկչական հարձակումների լուսաբանման համար:
2016 թվականին նա արժանացավ «Էմմի» մրցանակի «Մեկ օր Լեոյի կյանքից» (A Day in Life of Leo) ֆիլմի համար: Էլբակյանը նաև արժանացել է Online Journalism Award համացանցային լրագրության ասոցիացիայի մրցանակի` որպես «Հրատապ լուրերի լավագույն մեկնաբան»: