ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Այսօր Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի վարորդը ոստիկանություն հասնելուց հետո ուշագրավ իրավիճակում է հայտնվել` քնել է։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com–ից։
«Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, 33-ամյա Ռազմիկ Ղազարյանը իր վարած ԳԱԶ-33021 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված խորովածի մանղալին։ Այնուհետև առաջ ընթանալով` բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ»,–գրում է կայքը։
Երբ հետաքննիչը փորձել է վարորդի սթափությունը ստուգել, վերջինս սկսել է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, հրաժարվել է սթափության փորձաքննություն հանձնել։ Նրան տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ նա նախ խառնաշփոթ է ստեղծել, իսկ հետո` քնել:
Վթարի հետևանքով տուժածներ չկան: