ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ընթացքում ինովացիոն աշխարհը կրկին խոսեց Huawei ընկերության մասին, խելահեղ գաղափարներն իրականություն դարձնող Իլոն Մասկը՝ երկկենցաղ ավտոմեքենայի մասին, իսկ Yandex-ը նշանառության տակ առավ նորաձևությանը հետևողներին: Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով:
Huawei-ը մասնակցելու է խելացի ավտոմեքենաների արտադրությանը
Այնպիսի տպավորություն է, թե ամբողջ աշխարհը մտահոգվել է Huawei-ի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով, բացի հենց Huawei-ից: Չինական ընկերությունը դանդաղ, բայց վստահ քայլերով լուծում է իր բոլոր խնդիրները: Երևում է` ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, որ դժվարություններն ավելի ստեղծագործ են դարձնում:
Ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է թողարկել իր սեփական ծրագրային ապահովմամբ անվարորդ մեքենան: Huawei-ի ներկայացուցիչը հայտնել է, որ մեքենան ամենայն հավանականությամբ կներկայացվի 2022 թվականին: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Huawei-ն իր ծրագրային ապահովմամբ մեքենաները թողարկելու է Audi, GAC Group, Beijing New Energy Automobile, Changan Automobile և այլ ընկերություններ հետ: Մեքենաներն ունենալու են 4-րդ աստիճանի ինքնավարություն, կարողանալու են երթևեկել ամբողջությամբ ինքնուրույն ռեժիմով, բայց հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ընկերությանը վնասելու կենտրոնացումը՝ վարորդներին խորհուրդ կտանք ամեն դեպքում չկորցնել զգոնությունը:
Yandex-ի մեկ ուրիշ «սլոյը»
Yandex ընկերության մասին հերթական նորությունը լսելիս՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ ռուսական ընկերությունն իրոք արժանի մրցակից է որոնումների հայր համարվող Google-ին:
The Village-ի տեղեկություններով՝ Yandex-ը շոփինգ անողների համար բավականին հետաքրքիր նորություն ունի: Ընկերությունը սկսել է թեստավորել Sloy հավելվածը, որն օգտագործելով լրացուցիչ իրականության տեխնոլոգիան՝ ճանաչում է կադրում գտնվող կամ դիտվող տեսանյութում հայտնված մարդկանց հագուստի տարրերը, և մարդը կարողանում է լրացուցիչ իրականության ռեժիմում իր վրա վրա փորձել վիրտուալ աքսեսուարները: Կարծես թե Snapchat-ի դարն ավարտվում է, եթե իհարկե հավելվածը հասնի հաջողության և իրականացնի բոլոր խոստումները:
Այս «կես բուռ» տեղեկությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ապագայի մասին պատմող ֆիլմերի գուշակություններն իրականանում են. մարդիկ նմանատիպ ծառայությունների պատճառով կամաց-կամաց կլքեն ոչ վիրտուալ աշխարհի իրականությունը՝ տեղափոխվելով ավելի գունավոր և ավելի շատ հնարավորություններ տվող վիրտուալ աշխարհ:
Ծառայության թեստավորմանը մասնակցում են նորաձևության աշխարհի 100 ներկայացուցիչ: Նորարարության թողարկումը սպասվում է այս տարվա սեպտեմբերին:
Tesla-ն որոշել է կենդանացնել Ջեյմս Բոնդի ստորջրյա ավտոմեքենան
Աշխարհն աշխարհով, Tesla ընկերությունը՝ իր տարօրինակ նորամուծություններով: Հիմա էլ Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերությունը ստորջրյա մեքենայի դիզայն ունի: Այս մասին հայտնում է elecrek-ը:
Մասկին հարցրել են՝ արդյո՞ք ընկերությունը չի ուզում ջրային մեքենա ստեղծել, որը կկարողանա երթևեկել գետնի վրայով, ապա անցնել ջրի տակ կամ էլ շարժվել ջրի վրայով: Մասկն էլ ասել է, որ իր ընկերությունն արդեն մշակել է երկկենցաղ ավտոմեքենայի կոնստրուկցիանան, որը նման կլինի Ջեյմս Բոնդի ֆիլմերից մեկի՝ «Լրտես, որն ինձ սիրում էր» կինոնկարի ստորջրյա Lotus Esprit-ին:
Մասկը կարծում է, որ տեխնիկապես հնարավոր է այս մեքենայի իրական տարբերակը ստեղծել, բայց դե դժվար թե ամեն ինչ թողնի ու ստորջրյա մեքենա ստեղծի. նա չի ուզում շեղվել , բայց միևնույն ժամանակ չի հուսահատեցնում: «Այս մեքենայի շուկան փոքր կլինի»,- ասել է Մասկը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։
Սերիալները խաղի կվերածվեն. Netflix-ը հայտնել է` որ ֆիլմն է առաջինը «խաղացնելու»
Չինական 4 ընկերություն արդեն փորձարկում են Huawei-ի նոր օպերացիոն համակարգը
Huawei-ի օպերացիոն համակարգը գրեթե պատրաստ է. ի՞նչ խորամանկ քայլի են դիմել չինացիները
Նոր սմարթֆոնը չի վնասվել մոտ 31 կմ բարձրությունից ընկնելուց հետո