ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը թեթևագույն քաշային կարգում հերթական հաղթանակն է նվաճել: Հոլիվուդում Golden Boy DAZN մրցաշարի շրջանակում թեթևագույն քաշային կարգում կայացել է բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանի և ֆիլիպինցի Գլեն Պորասի մենամարտը: Այս մասին տեղեկացնում է boxingscene.com-ը:
Մենամարտն ավարտվել է 4-րդ ռաունդում ֆիլիպինցի մարզիկի տեխնիկական պարտությամբ՝ հայ բռնցքամարտիկի հասցրած հուժկու հարվածներից հետո:
«Ես այս մարտին լավ էի պատրաստվել»,- մենամարտից հետո խոստովանել է հայազգի բռնցքամարտիկն ու հավելել, որ ցանկանում է մենամարտել Դեննի Ռոմանի, Էմանուել Նավարետեի հետ, ինչպես նաև մեկ անգամ ևս ռինգում հանդիպել մեքսիկացի Ռեյ Վարգասի հետ, որին պարտվել էր նախորդ մենամարտի ժամանակ:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ազատ Հովհաննիսյանը պարտության էր մատնել մեկ այլ հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին նոկաուտի ենթարկած մեքսիկացի Սերխիո Ֆրիասիին:
Ազատ Հովհաննիսյանը ծնվել է Երևանում, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ: Նա անցկացրել է 17 պրոֆեսիոնալ մենամարտ, որոնցից 14-ն ավարտել հաղթանակով: Մարտ վարելու իր տեխնիկայի համար Հովհաննիսյանին տվել են «խենթ» մականունը: