ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում են ներկայացրել ԲԴԽ խորհրդին։ Նրանց հրաժարականների դիմումները հրապարակվել են ՀՀ դատական իշխանության կայքում։
«Թեև երբեք կախված չեմ եղել ու ներկայումս էլ կախված չեմ որևէ քաղաքական ուժից, մարմնից կամ անձանցից և մասնագիտական գործունեության մեջ մշտապես նվիրված եմ եղել իրավունքի գերակայության սկզբունքը ներդնելու, քարոզելու և անձամբ պահպանելու գաղափարին, վերոշարադրյալի լույսի ներքո և Բարձրագույն դատական խորհրդի հանդեպ անվստահության մթնոլորտը վերացնելու նկատառումներով այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում»,– նշված է Մեղրյանի դիմումում:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 2-րդ մասի համաձայն՝ խնդրում եմ դադարեցնել իմ լիազորությունները՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Միաժամանակ խնդրում եմ դիմումս քննարկել Բարձրագույն դատական խորհրդի առաջիկա նիստում»:
Նախկինում հրաժարական են ներկայացրել նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը: ԲԴԽ–ում մնացին 4–ը` Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը։
Հիշեցնենք` ԲԴԽ անդամներին նշանակում է Ազգային ժողովը։