ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երգչուհի Արծվիկը, որի համբավն ավելի մեծացավ «Եվրատեսիլ 2017» մրցույթից հետո, կմասնակցի «Բազմազգ Ռուսաստան» փառատոնին։
Տոնական համերգը տեղի կունենա հունիսի 12–ին` Ռուսաստանի օրը, «Պոկլոննայա գոռայում»։ Փառատոնի նախաշեմին Արծվիկը «Կոմսոմոլսկայա պրավդային» պատմել է, թե ինչպես է ապրում Մոսկվայում։
«Ես Կապան քաղաքից եմ, որը իմ ուժի տեղն է, իմ հոգու հանգստությունը, իմ մանկությունը, միրգ–բանջարեղենը, շատ կանաչը և, իհարկե, լեռները», – խոստովանել է երգչուհին։
Արծվիկն ասել է, որ թեև տեղափոխվել է Մոսկվա, բայց առաջվա պես հայկական ուտեստներ է պատրաստում` օգտվելով հատուկ խանութներից ու շուկաներից։ Երգչուհին շատ է սիրում աջափսանդալ եփել։
«Երջանիկ եմ, որ հունիսի 12–ին ելույթ եմ ունենալու նման բեմում և ներկայացնելու եմ իմ երկիրը։ Երջանիկ եմ, որ ինձ երրորդ տարին է` հրավիրում են այդ տոնին, որովհետև ես միակ հայուհին եմ, որ Ռուսաստանում ժողովրդական երգեր է երգում», – նշել է Արծվիկը։
Երգչուհին ասել է` պետք է հասցնել ունկնդիրներին դուդուկի և հայկական մեղեդիների անսովոր գեղեցիկ համադրությունը։
«Շատ եմ սիրում այդ համերգը, որովհետև այդ միջոցառման ընթացքում հնչում են տարբեր մշակույթների ստեղծագործություններ։ Հետաքրքիր է և շատ լավ», – նշել է երգչուհին։
Արծվիկը նաև պատմել է, որ ինքը երաժշտական կրթություն չունի։ Նրան երգել է սովորեցրել տատիկը, որը հաճախ է հոգեցունց մեղեդիներ երգել։
Հիշեցնենք` Արծվիկը 2017թ–ին «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրել էր «Fly with me» ստեղծագործությունը, անցել է եզրափակիչ և զբաղեցրել 18–րդ տեղը։