ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հայաստանի` Եվրասիական տնտեսական միություն մտնելուց (2015 թվական) հետո մեր երկրի ու ԵԱՏՄ այլ երկրների միջև ապրանքաշրջանառությունն ամեն տարի աճել է միջինը 34%–ով։ ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ հաշվետվության ենթական շրջանում Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ երկու անգամ աճել է։ Միայն 2018 թվականին այդ ցուցանիշն աճել է 20,7%–ով։
«Շատ կարևոր է արձանագրել, որ հիմնականում վերջնական սպառման ապրանքներ են արտահանվել։ Լեռնահանքային հումքը արտահանման ընդհանուր ծավալում շատ փոքր մաս է կազմել` 1,1%։ Դա խոսում է այն մասին, որ հայկական արտադրության ապրանքները մրցունակ են ու պահանջարկ են վայելում սպառողների կողմից», – նշեց նախարարը։
Խաչատրյանի խոսքով` ԵԱՏՄ–ի գործունեության առաջնային ուղղությունը մինչև 2025 թվականը առանցքային ապրանքների համար ընդհանուր շուկաների ստեցծումն է։ Խոսքը նախևառաջ գազի, նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի, նաև էներգակիրների արտադրողների համար հավասար պայմանների ստեղծման մասին է։