ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) սպառնալիքներով ողողված նամակ է ստացել Ճապոնիայում գտնվող անհայտ երկրպագուից։
Ճապոնական Fantasy on Ice շոուին մասնակցող Մեդվեդևային ուղղված նամակն անգլերեն է եղել։
«Սատանա, հեռացի՛ր Ճապոնիայից։ Ճապոնիայում ոչ ոք չի ուզում տեսնել դեմքդ։ Բոլոր ճապոնացիներն ատում են քեզ։ Հետ դարձի՛ր Ռուսաստան։ Չքվի՛ր Ճապոնիայից։ Դու վատագույնն ես։ Թող գեղասահքը», – գրված է նամակում։
Ի դեպ, Ժենյային ուղղված նամակի մասին հայտնել է ամերիկացի գեղասահորդ Ջոնի Վեյրը և հրապարակել Instagram–ի իր էջում։
Մեդվեդևան արձագանքել է Վեյրի գրառմանն ու հաստատել, որ նամակն իրեն է ուղղված։
«Շնորհակալ եմ բոլորին աջակցության և ջերմ խոսքերի համար։ Պարզապես ուզում էի ասել, որ լավ եմ, և այս նամակն ինձ որևէ կերպ չի վշտացրել, հունից չի հանել։ Սա ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդը, ո՛չ էլ նույնիսկ երրորդը», – նշել է գեղասահորդը։
Նա վստահեցրել է, որ սպառնալիքները որևէ կերպ չեն ազդում իր ելույթների վրա և արդեն սովորել է դրանց։ Ժենյան երկրպագուներին մաղթել է վայելել իր ելույթը, իսկ Վեյրին շնորհակալություն է հայտնել ընկերության համար։