ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են նախկին կնոջ ամուսնու սպանության մեջ մեղադրվող` Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մանվել Գևորգյանին։ Նա հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում։
Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել այն մասին, որ տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում` ազգականներից մեկի չբնակեցված տանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նշված հասցե մեկնած ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Գևորգյանին, բայց քանի որ չէր բացառվում, որ նա կարող է զինված լինել, ոստիկանությունը ձեռնպահ է մնացել կտրուկ գործողություններից։
Ոստիկանները փորձել են բանակցել տղամարդու հետ։ Նրա հետ հեռախոսազրույց է ունեցել անձամբ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը հանձնվել է և տեղափոխվել ոստիկանության Չարենցավանի բաժին։
Հիշեցնենք` 2019թ. մայիսի 30-ին, ժամը 15:25-ին ոստիկանության Մասիսի բաժինը «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կայանից ահազանգ էր ստացել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում հրազենային վնասվածք ստացած անձինք կան:
Պարզվել էր, որ նույն օրը` 15:00-ի սահմանում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ.(60 տարեկան), Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ և նրա ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել են հղի հարսը և 1 տարեկան երեխան։
Վերջիններս պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն:
Դեպքի հետևանքով կնոջ ներկայիս ամուսինը՝ ծնված 1959թ., ստացած վնասվածքներից մահացել էր: