ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Օպերատիվ տվյալները ենթակա չեն հրապարակման։ Այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած սևազգեստ խմբերի ստեղծման մասին օպերատիվ տվյալներին վերաբերող հարցերին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Այս պատճառաբանությամբ ոստիկանապետը հրաժարվեց հայտնել նաև, թե ովքեր են այդ խմբերում ներգրավվում, ու ինչպես կարող են քաղաքացիները տարբերակել նրանց ու զգուշանալ նրանցից։
Ինչ վերաբերում է վարչապետի դիտարկմանը, թե ոստիկանները թավշյա վերաբերմունքի փոխարեն այսուհետ պետք է ավելի կոշտ արձագանքեն, Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունն իր առջև դրած պարտականությունները կատարում է։
Անդրադառնալով Փաշինյանի հիշատակած` Ազատության հրապարակում ավտոմեքենաներով «ճռռիկներ» անելու դեպքերին` Օսիպյանը հայտնեց, որ վերջին նման դեպքն արձանագրվել է այսօր գիշերը, կազմվել է համապատասխան արձանագրություն, ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ։
«Այդպիսի բաներ եղել են միշտ։ Ես ինքս եմ միջամտել։ Մի անգամ էլ Ազատության հրապարակից 17 հատ մեքենա եմ ուղարկել տուգանային հրապարակ»,- ասաց Օսիպյանը։
Թե երբ, ոստիկանապետը չհիշեց, բայց ասաց, որ դա եղել է նախորդ տարիներին։
«Ազատության հրապարակի մուտքերը պահպանում են ոստիկանության կարգախմբերը մինչև 24։00–ն։ Դրանից հետո վերակարգերը դուրս են գալիս, և մուտքերն ազատ են մնում»,– ասաց Օսիպյանը։
Նա նաև հայտնեց, որ իրենք բազմիցս դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին` Ազատության հրապարակի մուտքերի մոտ արգելապատնեշներ դնելու առաջարկով, բայց ապարդյուն։
Իսկ ինչ վերաբերում է 24։00-ից հետո Ազատության հրապարակ մուտք գործող վարորդներին, Օսիպյանը խոստացավ` նրանք այսուհետ խստորեն կպատժվեն։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունն օպերատիվ տեղեկություններ ունի այն մասին, որ որոշ նախկին կոռումպացված քաղաքական ուժեր որոշել են հատուկ սևազգեստ խմբեր ստեղծել` Հայաստանում բռնություն տարածելու նպատակով։
Փաշինյանը հանձնարարել էր իրավապահներին` կոշտ լինել նաև օրվա որոշակի ժամերին Ազատության հրապարակում ավտոմեքենաներով «ճռռիկներ» անող կամ մայթերով երթևեկողների նկատմամբ։ Նրա համոզմամբ` դա արվում է ցույց տալու համար, որ երկրում անիշխանություն է և չկա իրավակարգ։