Ըստ գործադիրի ղեկավարի, Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար:
«Մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ ըստ ամենայնի, հուսահատ քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ»,-արձանագրում է վարչապետը։
Փաշինյանի խոսքով` տեղի են ունենում այս առումով կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել:
«Եվ այս ասելիքը, հռետորաբանությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այսպես շարունակ»,-ասաց Փաշինյանը։
Այս ամենի համատեքստում գործադիրի ղեկավարն արձանագրում է, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին։