ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանն առաջնորդվում է Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ արտաքին քաղաքականության համատեղմամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցով ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի քվեարկությանը վերաբերող հարցին։
Հունիսի 4-ին ՄԱԿ–ի ԳՎ–ի 73-րդ նստաշրջանում ընդունվեց «Աբխազիայից և Հարավային Օսեթիայից բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի» մասին բանաձևը, որը նախաձեռնել էր Վրաստանը։ Փաստաթղթի ընդունմանը կողմ քվեարկեցին 73 պետություն, դեմ` 15-ը, ևս 57 երկիր, այդ թվում Հայաստանը, ձեռնպահ մնացին։
«Հայաստանը ռազմավարական միություն ունի Ռուսաստանի հետ, ծավալուն օրակարգ, խոր հարաբերություններ։ Մենք կշարունակենք (և դա նշված է կառավարության ծրագրում) ընդլայնել և զարգացնել նրա հետ մեր ռազմավարական հարաբերությունները», – ընդգծեց ՀՀ արտգործնախարարը։
Մնացականյանը միաժամանակ ավելացրեց` Երևանը նաև կարևոր օրակարգ ունի Թբիլիսիի հետ, որը վերաբերում է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությանը։
Նշենք, որ բանաձևը դիտարկվել է ՎՈՒԱՄ–ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) տարածքում ձգձգված հակամարտությունների և միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման համար դրանց հետևանքների համատեքստում։